Safe. am Ապահով Համացանց Safer Internet

«Տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասընթացներ Մասիս խոշորացված համայնքի աշակերտների և ուսուցիչների համար

2025 թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 26-ը ՀՀ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի հինգ կրթական հաստատություններում անցկացվել են «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասընթացներ։ Դասընթացներին մասնակցել են Սիսի, Նորամարգի, Սայաթ-Նովայի, Ռանչպարի և Մարմարաշենի միջնակարգ դպրոցների 64 ուսուցիչ և շուրջ 300 աշակերտ։

Ծրագիրն իրականացրել է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։

Դասընթացների բովանդակությունը մշակել են տեղեկատվական անվտանգության փորձագետներ Հայկազ Բաղիյանը և Նարինե Խաչատրյանը՝ նպատակ ունենալով զարգացնել մասնակիցների թվային գրագիտությունը, անվտանգ առցանց վարքագծի հմտությունները և տեղեկատվական անվտանգության վերաբերյալ իրազեկվածությունը

Ծրագրի նպատակն էր բարձրացնել դպրոցների աշխատակազմի և աշակերտների իրազեկվածությունը տեղեկատվական անվտանգության, առցանց միջավայրում առկա ռիսկերի և դրանց կանխարգելման վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել անվտանգ վարքագծի և հնարավոր վտանգներին արդյունավետ արձագանքելու հմտությունները։

Դասընթացների շրջանակում մշակվել են տեղեկատվական անվտանգության թեմայով էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ՝ նախատեսված 8-12 և 13-18 տարեկան երեխաների, ինչպես նաև ուսուցիչների համար։

8-12 տարեկան երեխաների համար նախատեսված դասընթացների ընթացքում անդրադարձ է կատարվել սոցիալական ցանցերի օգտագործման տարիքային սահմանափակումներին, անձնական տվյալների պաշտպանությանը, կիբերհետապնդմանն ու առցանց ոտնձգություններին, համացանցային կախվածությանը և առցանց խաղերի հետ կապված ռիսկերին։ Մասնակիցներին ներկայացվել են նաև համացանցում անվտանգ վարքագծի հիմնական կանոններն ու գործնական խորհուրդները։

13-18 տարեկանների համար նախատեսված դասընթացները ներառել են սոցիալական ցանցերի անվտանգ օգտագործման սկզբունքները, ցանցային խարդախությունները, կիբերհետապնդումն ու առցանց ոտնձգությունները, մոլորեցնող տեղեկատվության տարածման մեխանիզմները, դավադրության տեսությունները և կեղծ լուրերը։ Անդրադարձ է կատարվել նաև ալգորիթմների աշխատանքի սկզբունքներին, դրանց ազդեցությանը տեղեկատվական հոսքերի վրա, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման հնարավոր ռիսկերին և մարտահրավերներին։

Ուսուցիչների համար նախատեսված դասընթացների ընթացքում քննարկվել են ագրեսիվ և ոչ պատշաճ բովանդակության ազդեցությունը, համացանցում վնասակար վարքագծի դրսևորումները, կիբերհետապնդման կանխարգելման և դրա մասին ահազանգելու կարևորությունը, ինքնավնասման կանխարգելումը, ատելության խոսքն ու դրա հետևանքները։ Բացի այդ, ներկայացվել են անձնական տվյալների պաշտպանության, թվային հետքի, ցանցային խարդախությունների, համացանցային կախվածության, համոզիչ դիզայնի (Persuasive Design), ցանցային չեզոքության, կեղծ լուրերի և ապատեղեկատվության թեմաները։

Դասընթացներն ուղղված էին դպրոցների աշխատակազմի և աշակերտների կարողությունների զարգացմանը, տեղեկատվական անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և առցանց միջավայրում անվտանգ, պատասխանատու ու գիտակցված վարքագծի ձևավորմանը։

Ծրագրի շրջանակում մշակվել է «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով կառուցվածքային և տրամաբանական դասընթացային ծրագիր, որը ներառում է արդի տեխնոլոգիական ռիսկերը, դրանց կանխարգելման մեխանիզմներն ու պաշտպանության գործնական լուծումները։ Ուսուցիչների համար մշակվել է նաև առանձին ուսումնական փաթեթ՝ կրթական գործընթացում թեմայի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով։

Բացի դպրոցներում իրականացված դասընթացներից, կազմակերպվել են նաև «Տեղեկատվական անվտանգության հիմունքներ» թեմայով մեկօրյա վերապատրաստումներ՝ ուղղված Մասիս խոշորացված համայնքի աշխատակազմի կարողությունների զարգացմանը և տեղեկատվական անվտանգության ոլորտում նրանց գիտելիքների ու հմտությունների ամրապնդմանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Մեր մասին | Կապ | Տեսասրահ| Մեր մասին ©Media Education Center

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources