ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 22
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ
Սոցիալական ցանցը <http://en.wikipedia.org/wiki/Social_networking> վեբ համակարգի վրա հիմնված առցանց ծառայություն է, որն օգտվողներին առաջարկում է հաղորդակցման զանազան եղանակներ` զրուցասենյակների, հաղորդագությունների, էլեկտրոնային նամակների և ֆայլերի փոխանակման, տեսա- ծառայությունների և ձայնային զրուցարանի, բլոգավարման, քննարկումների խմբերի և այլ գործիքների միջոցով: Սոցիալական ցանցերը կառուցվում են անձնական էջերի, կամ նկարագրերի շուրջ, որոնք պարունակում են անձնական տվյալներ, տեղեկություններ հետաքրքրությունների, ընկերների ցանցի և այլնի վերաբերյալ: Սոցիալական ցանցերը միավորում են համանման հետաքրքրություններ ունեցող կամ միևնույն բնագավառը ներկայացնող մարդկանց համայնքները և նրանց, ով հետաքրքրված է այլ մարդկանց գործունեությամբ:
Այդ նպատակով նրանք օգտվողներին առաջարկում են տարբեր տիպի ծրագրաշարեր:
Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս մարդկանց շփվել (սովորաբար ցանցի յուրաքանչյուր անդամի համար նախատեսված ինքնանկարագիր պարունակող էջով) և ապահովում են վստահության վրա հիմնված «երաշխավորության» համակարգեր`օգտվողների միջև կապ հաստատելու համար: Որոշ կայքեր պարունակում են օգտվողների առանձին խմբերի (օրինակ` նախկին դասընկերների) տեղեկատուներ: Հանրահայտ սոցիալական ցանցերի կայքերում (օրինակ` MySpace, Bebo, Facebook ) այս բոլոր գործառույթները ներկայացված են միաժամանակ: Նրանցից ամենալայն կիրառությունն ունեն MySpace, Bebo և Facebook –ը անգլախոս միջավայրում և Friendster –ը` Ասիայում:
Սոցիալական ցանցերից շատերը կառուցվոմ են կենսափորձի շուրջ, սակայն գոյություն ունեն նաև այլ համայնքներ: Դրանք են.
- Առք ու վաճառքի գործարքները աջակցող համայնքներ
- Միևնույն հետաքրքրություններ ունեցող անձանց համայնքներ, որոնք որպես կանոն սևռված են որոշակի թեմայի վրա (օրինակ` ֆիլմեր, առողջապահության և այլն)
- Երևակայություններով տարված անձանց համայնքները, որոնք հիմնված են երևակայան միջավայրերի և խաղերի վրա (օրինակ` warcraft, second life)
Սոցիալական ցանցերից շատերը ունեն նաև աձնական տվյալների անձեռնամխելիությունը ապահովող պարզ կարգավորումներ: Այս գործիքները թույլ են տալիս օգտվողներին իրենց անձնական էջերի որոշ մասերը հասանելի դարձնել միայն ընկերներին կամ որոշ արտոնություններ ունեցող անդամների: Նրանք նաև թույլ են տալիս անդամներին սահմանափակել որոնումներով իրենց գտնելու և իրենց բովանդակությունը հասանելի դարձնելու կամ այլ անդամների կողմից դրոշմելու հնարավորությունը:
· Ուշադիր ուսումնասիրե՛ք առցանց hամակարգում ձեր կողմից տեղադրվող նյութը: Հիշեք` որևէ բան տեղադրելուց հետո հնարավոր է, որ այն այլևս երբեք չկարողանաք ամբողջությամբ ջնջել ցանցից:
· Ուշադիր եղե՛ք հատկապես նկարներ տեղադրելիս: Եթե անգամ ձեր անունը չեք տեղադրում նկարի կողքին, այն կարող է հիմք ծառայել ձեզ ճանաչելու համար և երկարատև մնալ վեբ պահուստներում անգամ հեռացվելուց հետո:
· Պաշտպանե՛ք ձեր անձնական տեղեկությունները, հատկապես եթե դրանց միջոցով կարող են նույնականացնել ձեզ կամ որոշել ձեր գտնվելու վայրը:
· Երբեք մի՛ տեղադրեք այնպիսի բաներ, որոնք կարող են վիրավորական լինել ուրիշների համար:
· Հիշե՛ք, որ ձեր նկարագրի կարգավորումները կարելի է փոփոխել` այն դարձնելով հանրությանը հասանելի՝ բաց կամ գաղտնի՝ փակ: Դուք պետք է աչալրջորեն որոշեք` նրանցից որն է ավելի հարմար օգտագործման համար:
· Օգտվե՛ք սոցիալական ցանցերի կայքերում առաջարկվող գաղտնիության կարգավորումներից:
· Նախքան ձեր նկարագիրը հանրությանը հասանելի դարձնելը, լուրջ մտածե՛ք:
· Հիշե՛ք, եթե ձեր նկարագիրը հասանելի է հանրությանը, այն կարող է տեսնել ցանկացած մարդ: Եթե անգամ հասանելի էլ չէ, այն դարձյալ տեսանելի կարող է լինել բոլոր այն մարդկանց, ովքեր գրանցված են այն ցանցերում, որին դուք անդամակցում եք:
· Եթե հայտնվել եք այնպիսի խնդիրների առաջ, ինչպիսիք են ատելության քարոզարշավները կամ հետապնդումները, միշտ դիմե՛ք վստահելի անձի օգնությանը, նույնիսկ այն դեպքերում եթե մտածում եք, որ ձեզ կարող է չհասկանան կամ չարդարացնեն:
· Ձեր նկարագրում երբեք մի՛բացահայտեք ձեր կոնտակտային տվյալները:
Էթիկական նկատառումներ և ռիսկեր
. Սոցիալական ցանցերից օգտվելիս մարդիկ հաճախ խոսում են բոլոր արգելքների վերացման մասին: Նրանք իրենց զգում ենք գոտեպնդված, երբեմն նաև` անհաղթ և անում են մեկնաբանություններ ու այլ անձանց ասում բաներ, որոնց մասին կենդանի հաղորդակցման ժամանակ չէին էլ անգամ մտածի:
. Սոցիալական ցանցերը օգտվողներին հնարավորություն են տալիս մեկնաբանություններ թողնել այլ անձանց նկարագրերում: Իրավիճակն ավելի է սրվում այն հանգամանքից, որ վիրտուալ աշխարհում շատ հեշտ է զգացմունքները չափազանցելը կամ այնպիսի բաների շուրջ արտահայտվելը, որոնք անձի հետ առերես հաղորդակցվելիս չէին բարձրաձայնվի:
Ինչ խորհուրդներ պետք տալ սոցիալական ցանցերից օգտվող պատանիներին
. Համոզվե՛ք, որ երեխաները հասկանում եք, թե ինչ վտանգներով է հղի ուրիշներին իրենց անձնական տեղեկություններին ծանոթացնելը: Գործնականում կարելի է ենթադրել, որ ամեն ինչ, ինչ գաղտնի չէ, հանրային է: Սա նշանակում է, որ սոցիալական ցանցում պետք չէ հրապարակել այնպիսի բաներ, որը չէիք ցանկանա հեռարձակվեր հանրության համար և արտացանցային աշխարհում: Գաղտնի կարգավորումներ ընտրելը ոչ բոլոր դեպքերում է նշանակում, որ ձեր նկարագիրը կարող են տեսնել միայն ձեր ընկերները: Որոշ դեպքերում դա կարող է նշանակել, որ նկարագրում տեղադրված յուրաքանչյուր տեղեկություն տեսանելի է բոլորին, սակայն միայն ընկերները կարող են այնտեղ ավելացնել մեկնաբանություններ և ակնթարթային հաղորդագրություններ: Դուք պետք է նաև իմանաք, որ մեծ խմբերի կամ ցանցերի միանալու դեպքում ձեր նկարագիրը կարող է հասանելի լինել հսկայական թվով մարդկանց:
Պատանիներին սովորեցրե՛ք վստահել իրենց բնազդներին: Եթե զգում եք, որ ինչ-որ բան այն չէ, հավանաբար այդպես էլ կա: Եթե ցանցում երեխաները գտնում են մի բան, որն իրենց դուր չի գալիս կամ պատճառում է անհարմարություն, նրանք պետք է անջատեն համակարգիչը և այդ մասին ասեն որևէ մեծահասակի:
Զգույշ վերաբերվե՛ք ձեր անձնական տեղեկություններին: Խնդիրն այն է, որ համացանցում անձնական բնույթի տեղեկատվություն տեղադրելուն պես` մարդն այլևս ի վիճակի չէ վերահսկել, թե ով կտեսնի դա կամ ինչպես այն կօգտագործվի: Նկարները հեշտությամբ կարող են կրկնօրինակվել և սեղմակի մեկ հպումով տարածվել հազարավոր մարդկանց շրջանում: Ունենալով թվային բնույթ` նրանք կարող են փոփոխվել կամ աղավաղվել: Նկարները կարող են նաև օգտագործվել որոնման նոր ծրագրերի կողմից` մարդկանց նույնականացնելու նպատակով (եթե անգամ նկարի կողքին չկա անունը): Պատանիները պետք է սովորեն չտեղադրել այնպիսի նկարներ, որոնք չեն ուզում տեսանելի դարձնել բոլորին, այդ թվում` իրենց ծնողներին և ուսուցիչներին:
Առցանց համակարգում բոլորը չէ, որ ներկայանում են այնպիսին ինչպիսին իրականում կան: Օգտվողների կողմից իրենց գրանցման պահին տրամադրվող տեղեկությունները չեն ստուգվում: Յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել օգտվողի նկարագիր` իրեն ներկայացնելով որպես այլ անձնավորություն: Ավելին` անկախ իր իսկական կամ երևակայական տարիքից` յուրաքանչյուր ոք կարող է անդամագրվել անսահմանափակ թվով դպրոցական համայնքների:
Սոցիալական ցանցերի շատ պրովայդերներ իրենց կայքերում ունեն ապահով օգտագործման համար նախատեսված ուղեցույց:
Ինչ կարող ենք անել սոցիակալան ցանցերում պատանիների ապահովությունը երաշխավորելու համար
Ինչպես բոլոր առցանց տեխնոլոգիաների դեպքում, այստեղ ևս երեխաներին արգելելը հարցի լուծում չէ: Նրանց պետք է սովորեցնել ցանցում եղած ժամանակ դրսևորել ապահով և տարբերակված վարքագիծ և խրախուսել, որ հարգեն տարիքային սահմանափակումները, գաղտնի պահեն իրենց անձնական տեղեկությունները և լինեն պատասխանատու «խմբագիրներ»:
Պատասխանատու մեծահասակները, արգելքներ դնելու փոխարեն, պետք է ուսումնասիրեն սոցիալական ցանցերի վտանգները և նրանցից ապահով օգտվելու լավագույն օրինակները: Այս ամենը արտացանցային կյանքում շատ բնական է, ուստի ինչու՞ չանել նույնը առցանց աշխարհում: Երիտասարդներին հարկավոր է խրախուսել, որպեսզի վստահելի մեծահասակների (օրինակ` ծնողների կամ ուսուցիչների) հետ խոսեն առցանց աշխարհում իրենց հետ տեղի ունեցած միջադեպերի մասին: Ինչպես համացանցային ապահովության հետ կապված ցանկացած այլ հարցում, այստեղ նույնպես երեխաների առցանցային վարքագծի վրա ազդող ամենամեծ դրական գործոնը ուսուցիչների և ծնողների ակտիվ ներգրավածությունն է նրանց առցանց գործունեության մեջ: Սա դրականորեն է ազդում նաև մեծահասակների վրա, քանի որ վերջիններս տեղեկանում են սոցիալական ցանցերի առավելությունների մասին:
Սոցիակալան ցանցերը և e-Ժողովրդավարությունը
e-Ժողովրդավարությունը ժողովրդավարական հանրապետությունում կամ ներկայացուցչական ժողովրդավարությամբ առաջնորդվող երկրում էլեկտրոնային հաղորդակցման տեխնոլոգիաների (օրինակ` համացանցի) օգտագործումն է` ժողովրդավարական գործընթացների բարելավման նպատակով: Լինելով դեռևս նոր ձևավորվող երևույթ, սա մի քաղաքական զարգացում է, որը կարող է կատարելագործվել այնպիսի սոցիալական ցանցերի օգտագործմամբ, որոնք թույլ են տալիս օգտվողներին հանրությանը «լսելի» դարձնել իրենց ձայնը և մեկնաբանությունները համապատասխան խնդիրների շուրջ: Տեսություններից մեկի համաձայն` սոցիալական ցանցերի օգտագործումը էլեկտրոնային ժողովրդավարության գործընթացում կարող է ավելի մեծ չափով ազդել քաղաքականության գործընթացների վրա, քանի որ ավելի մեծ թվով անհատների ներգրավումը կհանգեցնի ավելի խելամիտ քաղաքականության` մեծացնելով թափանցիկությունը և պատասխանատվությունը:
Օրինակ` Միացյալ Թագավորությունում կառավարության պարբերականը օգտագործել էր սոցիալական ցանցերը` երիտասարդների հետ կապ հաստատելու և նրանց տեսակետններն իմանալու համար: Այս հարցը տարակուսանք առաջացրեց որոշ մարդկանց մոտ, սակայն երիտասարդներին ներգրավվելու համար կարևոր է այցելել այն վայրերը, որտեղ նրանք գտնվում են:
Էլեկտրոնային ժողովրդավարության հետ կապված մտահոգություններից մեկը թվային ջրբաժանի ազդեցությունն է այն մարդկանց վրա, որոնց համար մեդիան հասանելի չէ: Սակայն համացանցից օգտվող անձանց թվի ներկայիս աճի պայմաններում չենք կարող միայն այս նկատառմամբ չճանաչել սոցիալական ցանցերի դրական կողմերը էլեկտրոնային ժողովրդավարության գործընթացում:
Արտացանցային հաղորդակցության ժամանակ իշխանությունը հաճախ դիտվում է որպես բուրգային համակարգ, մինչդեռ ցանցում այն ստանում է տարածական բնույթ և անընդհատ փոփոխվում է: Նույն կերպ, առցանց համակարգում սահմանները դառնում են անցանելի, իսկ դերերը` ճկուն և փոփոխական և կախված չեն ոչ խոսքային առանձնահատկություններից կամ բուրգից: Այս պատճառներն արդեն բավական են` ցույց տալու համար, թե ինչ դրական կողմեր ունի սոցիալական ցանցերի օգտագործումը էլեկտրոնային ժողովրդավարության խթանման գործում:
Դասարանական աշխատանքի առաջարկներ |
· Սովորողներին հանձնարարե՛ք, կազմեն այն տեղեկությունների ցանկը, որոնք է ըստ իրենց ընդունելի են առցանց նկարագրում հրապարակելու համար: Երբ նրանք պատրաստեն իրենց ցուցակը, խնդրե՛ք, որպեսզի թղթի վրա ստեղծեն նկարագիր: Արդյո՞ք նրանք ուրախ կլինեին, եթե այդ նկարագիրն ուղարկվի բոլոր դպրոցականների ծնողներին: Շատ դեպքերում սովորողները դա չեն ցանկանա, սակայն նրանց պետք է հիշեցնել, որ սոցիալական ցանցում տեղադրված իրենց նկարագիրը կարող է նայել ցանկացած մարդ, եթե նրանց կարգավորումները գաղտնի չեն դարձել: Իրական և վիրտուալ աշխարհների միջև նման կապի ստեղծումը կարևոր է, քանի որ դա օգնում է երեխաներին հասկանալ, թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ ցանցում նյութերի տեղադրումը:
· Դասարանում ոսումնասիրե՛ք 2-3 սոցիալական ցանցեր և սովորողներին հանձնարարե՛ք ընդգծել իրենց կողմից նկատվող ցանկացած վտանգավոր վարքագիծ: Քննարկեք` ինչն է վտանգ ներկայացնում օգտվողների համար: Այժմ աշակերտներին խնդրե՛ք վերանայել առցանց գործունեությունը իրենց իսկ կողմից բարձրացված խնդիրների լույսի ներքո:
· Այնպես արե՛ք, որ սովորողներն աշխատեն խմբերով և ստեղծեն ստուգման հարցաշարեր, որոնք կծառայեն որպես ուղեցույց սոցիալական ցանցերում նյութեր հրապարակելիս: Համեմատե՛ք հարցաշարեր և դրանք միավորելով ստեղծեք մեկ ընդհանուր ստուգման թերթիկ ողջ դասարանի համար, որպեսզի աշակերտները կարողնան այն տպել, տանել տուն և կախել իրենց համակարգչի կողքին:
· Ձեր աշակերտներին ասե՛ք, որ իրենց հետ բերեն այնպիսի թվային լուսանկարներ, որոնք կցանկանային արտաբեռնել սոցիալական ցանցում: Բաժանվելով փոքր խմբերի` քննարկեք, թե ինչ գաղտնի տեղեկություններ է բացահայտում յուրաքանչյուր լուսանկար: Բոլոր լուսանկարներին 1-5 բալանոց համակարգում տվե՛ք ապահովության գնահատական` առավելագույն (5) միավորը նախատեսելով այն նկարների համար, որոնք կատարելապես պաշտպանում են օգտվողի մասնավորությունը:
· Սոցիալական ցանցերում գործածվող տեխնոլոգիաները օգտագործելու մասին այլ առաջարկներ կարող եք գտնել վեբ 2.0 վերաբերյալ բաժնում (23-րդ տեղեկատվական թերթիկ):
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 23
Վեբ 2.0
|