ԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 24
e-Ժողովրդավարություն

Ի՞նչ է էլեկտրոնային ժողովրդավարությունը

Համացանցի օգտագործման վերջին բուռն վերելքից հետո մարդիկ սկսել են կյանքի գրեթե բոլոր հարցերի շուրջ տեղեկություն հավաքել և հաղորդակցվել վեբի միջոցով: Ինչպես որ համացանցն ունի լայն կիրառություն` որպես քաղաքական թեմաների քննարկման ֆորում, նույն կերպ էլ էլեկտրոնային ժողոովրդավարություն եզրը օգտագործվում է` որպես քաղաքական խնդիրների վերաբերյալ առցանցային երկխոսություններ նկարագրող հասկացություն:

Էլեկտրոնային ժողովրդավարության ծրագրերի նպատակն է մարդկանց հնարավորություն տալ ակտիվորեն մասնակցելու քաղաքական քննարկումներին և որոշումների կայացման գործընթացին: Ինտերակտիվ քաղաքական բանավեճերը և քաղաքական հարցերի շուրջ տեղեկատվության ավելի լայն տարածումը կարող են բարձրացնել հանրության իրազեկությունը` մեծացնելով քաղաքական գործընթացների նկատմամբ հետաքրքրվածությունը և ավելացնելով դրանց վերաբերյալ գիտելիքները:
Առցանց համակարգում քաղաքական թեմայով տեղեկատվությունը հաճախ հասանելի է դառնում փաստաթղթերի հրապարակման և հասարակական հանդիպումների հեռարձակման միջոցով: Սակայն քաղաքացիները տեղեկատվություն ստանում են նաև այլընտրանքային առցանց միջոցներից, ինչպիսիք են, օրինակ, Amnesty International-ը կամ կանաչների շարժման կազմակերպությունները: Քաղաքական գործիչները կարող են համացանցն օգտագործել իրենց ավելի նկատելի դարձնելու համար` ստեղծելով օրինակ քաղաքական հարցերի շուրջ իրենց տեսակետներն արտահայտող բլոգներ, տեսանյութեր կամ փաստաթղթեր: Սակայն էլեկտրոնային ժողովրդավարության նախագծերը կարող են նաև տեսանելի դարձնել քաղաքացիներին` խրախուսելով նրանց բարձրացնել իրենց ձայնը և կիսել իրենց կարծիքները բլոգների, զրուցասենյակների և իրենց անձնական կայքէջերի միջոցով: Եվ որ ամենակարևորն է. էլեկտրոնային ժողովրդավարության ծրագրերը թույլ են տալիս քաղաքացիներին  և քաղաքական գործիչներին շփվել միմյանց հետ և քննարկել տեղի ունեցող զարգացումները էլեկտրոնային հաղորդագրությունների և քննարկումների ֆորումի օգնությամբ: Եվ վերջապես քաղաքացիների համար մեծանում է տանից կամ իրենց ուզած ընտրատեղամասից ընտրություններին մասնակցելու կամ տարբեր տեսակի առցանց քվեարկության համակարգերի միջոցով որոշումների կայացման գործընթացին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունը:

Թե ինչ չափով քաղաքացիները կարող են և պետք է ազդեն որոշումների կայացման գործընթացին փոքր-ինչ վիճելի հարց է: Այս առումով կան երկու ծայրահեղ տեսակետներ, որոնցից մեկի հիմքում ընկած է հավատը անմիջական ժողովրդավարության նկատմամբ: Այստեղ էլեկտրոնային ժողովրդավարության առաջարկած ծառայությունները քաջալերում են քաղաքացիներին որոշումներ կայացնել անմիջականորեն` այսպիսով պակասեցնելով ընտրյալ ներկայացուցիչների կարիքը:  Մյուս ծայրահեղությունն են ներկայացնում այն մարդիկ, ովքեր գտնում են , որ էլեկտրոնային ժողովրդավարությունը չի հարստացնում քաղաքական գործընթացը, քանի որ քաղաքացիները հակված չեն ակտիվ մասնակցության այնքան ժամանակ քանի դեռ հանրային ծառայությունները մատակարարվում են պատշաճ կերպով: Սակայն էլեկտրոնային ժողովրդավարության ծրագրերի իրական պատկերը հենց այս երկու ծայրահեղությունների մեջտեղում է:

Հիմնական գաղափարն է մեծացնել քաղաքացիների մասնակցության աստիճանը` առանց արմատապես վերափոխելու ավանդական քաղաքական պատկերը, որտեղ որոշումների կայացման համար վերջնականապես պատասխանատու են քաղաքական գործիչները:

Էլեկտրոնային ժողովրդավարության շարժիչ ուժը

·  Էլեկտրոնային ժողովրդավարության հիմնական շարժիչ ուժը համացանցի մատչելիության և  նրա կողմից առաջարկվող հաղորդակցման հնարավորությունների մեծացումն է:

·   Համացանցի գրավչության աճին զուգընթաց պակասում է հետաքրքրությունը ավանդական քաղաքական քննարկումների նկատմամբ: Նախկինի համեմատ նվազել է քաղաքական կուսակցությունների ակտիվ անդամների և ավանդական քաղաքական քննարկումներին մասնակցող անձանց թիվը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է գտնել նոր ճանապարհներ` քաղաքացիներին քաղաքական քննարկումներում ներգրավելու համար:

·    Ներկայումս երեխաները ավելի քիչ են ներգրավված քաղաքական  բանավեճերում և որոշման կայացման գործընթացներում քան մեծահասակները, սակայն համացանցային տեխնոլոգիաների ակտիվ օգտվողներ են: Հետևաբար, էլեկտրոնային ժողովրդավարության որոշ ծրագրեր հետապնդում են երիտասարդներին քաղաքականության մեջ ներգրավելու հատուկ նպատակ, այն հույսով, որ նոր տեխնոլոգիաների և ծառայությունների օգտագործումը կարող է երիտասարդների շրջանում մեծացնել ակտիվ մասնակցության մղումը:

Էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների օրինակներ

·  Քաղաքացիներին և քաղաքական գործիչներին հաճախ հրավիրում են քննարկելու քաղաքական հարցեր առցանց քննարկումների ֆորումներում, որոնք որպես կանոն կառավարվում են տեղական իշխանությունների կողմից:

· Հասարակական հանդիպումների աուդիո և տեսահեռարձակումների թիվը առցանց համակարգում աճում է, քանի որ անհրաժեշտ տեխնոլոգիան դառնում է ավելի մատչելի և դյուրօգտագործելի: Հասարակական հանդիպումները առցանց համակարգում հաճախ հասանելի են բոլորին թե՛ կենդանի եթերում, և թե՛ հանդիպումից հետո ցանկացած ժամանակ:

· Էլեկտրոնային բողոքների համակարգերը թույլ են տալիս քաղաքացիներին որևէ հաստատության կամ  օրենքի վերաբերյալ իրենց բողոքը ներկայացնել կառավարությանը կամ խորհդարանին:

· Բյուջեի համատեղ պլանավորման առցանց գործիքները հրավիրում են քաղաքացիներին մասնակցել այնպիսի հաստատությունների բյուջեի պլանավորման և որոշման կայացման գործընթացներին, ինչպիսին օրինակ քաղաքային խորհուրդն է: Բյուջեի ցուցանիշները հրապարակվում են առցանց` հնարավորություն տալով հետաքրքրվող բոլոր անձանց թողնել իրենց մեկնաբանությունները բյուջեի առաջնահերթությունների վերաբերյալ: Քաղաքացիների մեկնաբանություններն ու հետադարձ արձագանքը կարող են իրենց ազդեցությունն ունենալ քաղաքային խորհրդի բյուջեի նախագծի վերջնական տարբերակի վրա:

· Տեղեկատվական պորտալները հաճախ ստեղծվում են քաղաքացիների կողմից հանրությանը հասանելի փաստաթղթերի որոնումը դյուրացնելու համար: Ավելի լավ տեղեկացված լինելու դեպքում քաղաքացիներն ավելի ճիշտ են կարողանում հասկանալ` ինչպես են կայացվում որոշումները:

·  Ե՛վ քաղաքական գործիչները, և՛ քաղաքացիները բլոգներից օգտվում են քաղաքական նպատակներով: Բլոգները հնարավորություն են տալիս անհատներին արտահայտել սեփական տեսակետները իրենց ցանկացած թեմայի շուրջ: Հաճախ մեկնաբանություններ անելու համար հրավիրվում են նաև այլ մարդիկ:

Էլեկտրոնային ժողովրդավարության վրա ազդելու ապագայի միտումները

·     Այն փաստը, որ համացանցը առաջիկա տարիներին շարունակելու է աճել կասկածից վեր է: Քանի որ երիտասարդները այն ավելի շատ են կիրառում քան մեծահասակները, ապա պետք է ակնկալել, որ  էլեկտրոնային ժողովրդավարության ծրագրերի նկատմամբ կմեծանա հետաքրքրությունը՝ այսօրվա երեխաները վաղվա ընտրողներն ու որոշում կայացնողներն են:

·   Մինչև վերջերս մարդիկ համացանցը հիմնականում օգտագործում էին այլ անձանց կողմից տրամադրված տեղեկությունները որոնելու համար: Վերջին շրջանում սակայն ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ ուրիշների տարածած տեղեկատվության պասիվ ստացողները լինելու փոխարեն նախընտրում են ակտիվ կերպով մասնակցել վեբ բովանդակության ձևավորմանը: Դրա վառ օրինակ է Wikipedia.org առցանց հանրագիտարանը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ավելացնել կամ սրբագրել հոդվածներ: Էլեկտրոնային ժողովրդավարոթյան նախագծերը հնարավորություն են ընձեռում քաղաքացիներին ավելի ակտիվ կերպով մասնակցելու բովանդակության ստեղծմանը և էլեկտրոնային ժողովրդավարության ծառայությունների ձևավորմանը: Շատ հավանական է, որ մոտ ապագայում մենք հանդիպենք էլեկտրոնային ժողովրդարության ավելի ինտերակտիվ և քաղաքացիների կողմից ավելի շատ ղեկավարվող ծրագրերի:

· Ավելին, համացանցը շուտով կարող է հասանելի դառնալ ամենուր` անկախ համակարգիչների առկայությունից: Նախ նրան մշտապես միացած կլինեն  բջջային հեռախոսները, իսկ հետագայում շատ հնարավոր է, որ մարդիկ կարողանան միանալ ցանցին այնպիսի սարքերի միջոցով, որոնք կարող են, օրինակ, կազմել հագուստի ինչ-որ մաս: Հետևաբար, էլեկտրոնային ժողովրդավարության նախաձեռնությունների համար կստեղծվեն նոր մարտահրավերներ և կբացահայտվեն նոր հնարավորություններ, երբ քաղաքացիները ամբողջ ժամանակ միացած կլինեն ցանցին:

Էլեկտրոնային ժողովրդավարության էթիկական խնդիրներ

·     Համացանցում տարածված է անհատական տվյալների առևանգումը և «ինքնության կողոպուտը», այդ իսկ պատճառով անձնական տեսակետները, հատկապես այլ անձանց տեսակետների վերաբերյալ առցանց հաղորդագրությունները ոչ միշտ են դիտվում որպես «անվանական արժեքներ» և համարվում անհերքելի:

·   Համացանցով հաճախ տարածվում է տարատեսակ, երբեմն կասկածելի տեղեկատվություն, երբ ակնհայտ ու ճիշտ փաստերը ներկայացվում են առանց հիմնավորիչ փաստարկների:   Քաղաքացիներին հարկավոր է խրախուսել, որպեսզի տեղեկատվության աղբյուրը գնահատելիս դրսևորեն քննադատական մոտեցում (մտածեն` արդյո՞ք այն տարածվել է այնպիսի հայտնի աղբյուրի կողմից, ինչպիսին է ՄԱԿ-ը կամ Եվրամիությունը) և ստուգեն տեղեկատվության ճշմարտացիությունը` համեմատություններ կատարելով տարբեր աղբյուրների հետ:

·   Քաղաքական գործիչներին և որոշումներ կայացնող անձանց հաճախ անհրաժեշտ է մտածել` ինչպես հրապարակել էլեկտրոնային ժողովրդավարության ծրագրերով առաջարկվող նյութերը, ի տարբերություն այլ հեղինակավոր աղբյուրների` օրինակ, իրենց կուսակցության կողմից առաջարկվող ծրագրի: Դժվար է դատել` արդյո՞ք առցանց հրապարակումները ներկայացնում են մեծ թվով քաղաքացիների, թե՞ մի քանի (գուցե նաև ծայրահեղ քաղաքական հայացքների տեր) անհատների կամքը:

·     Եթե քաղաքական գործիչները և որոշումներ կայացնող այլ անձինք հրավիրում են քաղաքացիներին հրապարակել իրենց գրածները էլեկտրոնային ժողովրդավարության նախագծերում, ապա իրենք ևս պետք է մասնակցեն դրանց և ցանկություն ունենան ականջալուր լինել հրապարակումներին (և գործել նրանց ազդեցությամբ): Քաղաքական գործիչները պետք է մտածեն հանգամանորեն` չափից ավել շատ խոստումներ չտալով էլեկտրոնային ժողովրդավարության նախագծերի մասնակիցներին:

Դասարանական աշխատանքի առաջարկներ

·  Սկսե՛ք հետաքրքիր քաղաքական թեմայից և տեսե՛ք` ինչ համապատասխան տեղեկություն կարելի է գտնել ցանցում: Քննարկե՛ք առկա տեղեկատվության որակը, (օրինակ` աղբյուրների որակը, ի՞նչ չափով են ներկայացված տարբեր տեսակետներ) և տեղեկատվություն հրապարակող անձանց կամ կազմակերպությունների մտադրությունները:

·  Ստուգե՛ք քաղաքական գործիչների հետ ցանցում կապվելու հնարավորությունները: Ուղղարկեք համապատասխան ներկայացուցիչներին (կամ թեկնածուներին) քաղաքական խնդիրների վերաբերյալ հարցեր և տեսեք` արդյո՞ք նրանք պատասխանում են: Գնահատե՛ք նրանց պատասխանի որակը:

·  Իմացե՛ք ձեզ հետաքրքրող քաղաքական հարցերի վերաբերյալ առցանց քննարկումներին մասնակցելու հնարավորությունները: Պարզե՛ք` ով է առաջարկում նման հնարավորություններ (քաղաքական կուսակցություններ, հանրային ինստիտուտներ, շահույթ չհետապնդող կազմակերպություններ, թե՞ այլ անձինք):

·  Ուսումնասիրե՛ք տեղական քաղաքական օրակարգի վրա ազդելու եղանակները: Ճանաչե՛ք առցանց ծառայությունների միջոցով քաղաքական թեմաներ առաջարկելու հնարավորությունները:

Լրացուցիչ տեղեկությունների համար
 

·   Էլեկտրոնային կառավարության, այդ թվում նաև քաղաքացիների մասնակցության  Միավորված Ազգերի Կազմակերպության տարեկան ցուցիչը՝  http://www.unpan.org/egovernment5.asp :

 ·       http://www.e-democracy.org/  - շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը խթանում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը:  Այն  հիմնված է  ԱՄՆ Մինեսոթա նահանգի էլեկտրոնային ժողովրդավարության նախագծի վրա, որը ամբողջ աշխարհում նման տեսակի  նախաձեռնություններից առաջինն է:

 ·   e-Ժողովրդավարության վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի աշխատանքների մասին կարդացեք        http://www.coe.int/T/E/Integrated_Projects/Democracy/  կայէջում:

 ·  Էլեկտրոնային մասնակցությանը նվիրված ԵՄ DEMO-net ծրագիրը՝  http://www.demo-net.org/demo:

 ·  e-ժողովրդավարության նախաձեռնությունների մասին Միացյալ Թագավորության Արդարադատության նախարարության ստեղծած կայքը՝  http://www.buildingdemocracy.co.uk/ :

 .  http://www.access2democracy.org/ նախաձեռնության նպատակն է տարածել e-ժողովրդավարության փորձն ու սկզբունքները:

 ·  Միացյալ Թագավորության «Հարցրեք Բրիստոլ»  վեբ պորտալից քաղաքացիները կարող են իմանալ թե ինչ է  կատարվում Բրիստոլում՝  http://www.askbristol.com/askbristol.php:

 ·   Առցանց էլեկտրոնային բողոքների համակարգեր՝ http://epetitions.scottish.parliament.uk/,
http://www.bundestag.de/bundestag/ausschuesse17/a02/onlinepet/index.jsp:

. Գերմանիայի Bürgerhaushalt-ում  առցանց մասնակցային բյուջետավորման ծրագիրը՝  http://www.buergerhaushalt-lichtenberg.de/index.php

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ 25

Ինչպես ստանալ աջակցություն

 

 

 
NEW PUBLICATIONS